Հայաստանը՝  Եվրիմաժում

vrej

2016 թվականի հունվարից Հայաստանն անդամակցեց Եվրիմաժին: Եվրոպական կինոարտադրությանն ինտեգրվելու այս քայլը  ուրախությամբ ընդունվեց կինոգործիչների կողմից։ Ընթացիկ տարում մեր երկրից դեռևս որևէ հայտ չի ներկայացվել Եվրիմաժին, թեև 120 հազար եվրո անդամավճարը մուծվել է:

Եվրիմաժի հայաստանյան ներկայացուցիչներ Սուսաննա Հարությունյանն ու Վրեժ Քասունին մի քանի օր առաջ են վերադարձել Կրակովից, որտեղ դեկտեմբերի 12-16-ը տեղի է ունեցել Եվրիմաժի հերթական հանդիպում-քննարկումը: Ի դեպ, փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Եվրիմաժի նոր նախագահ: Նա Ֆրանսիայի ներկայացուցիչ, Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար, Ստրասբուրգի նախկին քաղաքապետ Կատրին Տրոտմանն է: Այս անգամ Եվրիմաժին անդամակցած երկրներից ներկայացվել է 30 կինոնախագիծ: Քննարկումների արդյունքում, մասնագիտական որոշման համաձայն, ընտրվել են 13-ը: Եվրիմաժը 13 հայտերին ընդհանուր առմամբ տրամադրել է 4 միլիոն եվրո: Մինչ այժմ Եվրիմաժի կողմից տրամադրված գումարներից ամենափոքրն այս փուլին հատկացված բյուջեն է. պատճառն այն է, որ ընդունված կինոհայտերի թիվը ևս մեծ չի եղել:

Թեև այս անգամ էլ Հայաստանի կողմից հայտ չի ներկայացվել, սակայն Սուսաննա Հարությունյանը և Վրեժ Քասունին լիահույս են, որ առաջիկա փուլերում մեր երկիրը կարդարացնի  Եվրիմաժի փորձագետների սպասումները, քանի որ նրանք իսկապես հետաքրքրված են հայկական նախագծերի մասնակցությամբ։

Եվրիմաժին իսկապես հետաքրքիր է հայկական կինոմտածողությունը, հետաքրքիր է՝ մեր փոքրիկ երկիրն ինչ ձեռագրով ու ոճով, ինչ ասելիքով ու աշխարհայացքով կմտնի եվրոպական կինոշուկա ու կինոասպարեզ: Եվրիմաժի սկզբունքներն ու օրենքները նույնն են՝ համատեղ արտադրություն, կինոնախագծերի ֆինանսավորման երաշխիքներ, համարտադրող երկրների կողմից, հեղինակային իրավունքի և իրավական այլ հիմքերի մասին տարբեր փաստաթղթեր, ֆինանսավորման տոկոսային հարաբերությունները հաստատող համաձայնագրեր: Պարզ է, որ նման փաստաթղթեր պատրաստելը հեշտ չէ: Եվրիմաժն ամրագրել է օրենքներ, որոնցից դուրս ոչ մի հայտ չի կարող ընդունվել:

Ըստ նրանց, ժամանակ է հարկավոր, որպեսզի մեր ռեժիսորներն ու պրոդյուսերներն ընտելանան եվրոպական չափանիշներին ու կանոններին, պատրաստեն բոլորովին այլ չափորոշիչներով ու պահանջներով փաթեթներ: Նրանք դեռևս հապաղում են ու մեկ տարվա ընթացքում չեն հասցրել Եվրիմաժին ներկայացնելիք հայտ պատրաստել, բայց խորհրդավության համար հաճախ են դիմել Սուսաննա Հարությունյանին ու Վրեժ Քասունուն:

Եվիրիմաժը, համատեղ կինոարտադրությունները խրախուսելուց ու ֆինանսավորելուց բացի, ունի նաև զուգահեռ անցկացվող ծրագրեր, ըստ որոնց՝ աջակցում է դիստրիբյուցիային ու կինոթատրոնների զարգացմանը: Եվրոպական այս կառույցն իր հոգածության տակ է պահում այն կինոթատրոնները, որոնք ցուցադրում են եվրոպական արտադրության կամ Եվրիմաժի կողմից աջակցություն ստացած ֆիլմեր: Եթե կինոթատրոնը տվյալ ժամանակահատվածում ցուցադրված ֆիլմերի ու վաճառված տոմսերի վերաբերյալ անհրաժեշտ հաշվետվություն է ներկայացնում, ապա Եվրիմաժն ամեն մի վաճառած տոմսի մեկ եվրոն վերադարձնում է տվյալ կինոթատրոնին: «Մոսկվա» կինոթատրոնը Եվրիմաժին հայտ է ներկայացրել և ներառվել եվրոպական կինոթատրոնների ցանկում:

Հ․Գ․Եվրիմաժին կինոհայտեր ներկայացնելու հաջորդ փուլը 2017 թվականի մարտն է. փաթեթների ընդունման վերջնաժամկետը հունվարի 16-ն է: Եվրիմաժի մեր ներկայացուցիչների սեղանին դեռևս որևէ կինոնախագիծ չի դրվել: Հիշեցնենք, որ Սուսաննա Հարությունյանն ու Վրեժ Քասունին, ըստ կարգի՝ ի պաշտոնե, պետք է փիչինգների ժամանակ պաշտպանեն հայաստանյան նախագծերը: Նույնը պետք է անեն համարտադրող երկրների ներկայացուցիչները: Նրանք քվեարկությանը մասնակցելու իրավունք չեն ունենալու. սա ևս Եվրիմաժի կանոններից է: